11/02/2018 21:43
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Հայաստան և Արցախ այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ, կոչ անելով կողմերին բարեխղճորեն կատարել Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիենայում ստանձնած պարտավորթւոյունները։
ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն, համանախագահները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջերս մարդկային զոհերի կապակցությամբ, կոչ են արել կողմերին ձեռնարկել լրացուցիչ միջոցներ լարվածության նվազեցման և հրադադարի պահպանման ուղղությամբ։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից։
Համանախագահները կրկին հայտարարում են իրենց վճռականության մասին՝ օգնել կողմերին գտնել խնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնվելով Հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման վրա։
Համանախագահները նաև ողջունել են կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները, հաշվի առնելով ներկա նախընտրական շրջանը», - ասված է հայտարարությունում։