12/02/2018 15:25
ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը ԼՂ հարցում մեծ ձեռքբերում է. Սարգսյան
Ես շատ լավ հասկանում եմ այն հանգամանքը, թե ինչպես ստացվեց, որ Ադրբեջանի նախագահի՝ անցած տարվա աշնանը Բուլղարիա այցի ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում էր ԼՂ կարգավորման ընդամենը մեկ սկզբունքի մասին, Երևանում այսօր Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դրանք ժամանակավոր երևույթներ են և պետության դիրքորոշման մասին չեն խոսում։ Ցանկացած երկրի որևէ պաշտոնյա կարող է տարբեր հայտարարություններ անել Ադրբեջանի որևէ պաշտոնյանի հետ, բայց մենք պետք է տեսնենք՝ ընդհանրապես այդ երկրի սահմանադրությամբ, օրենքներով, ով իրավունք ունի հայտարարելու՝ ով ինչպես կարող է մոտենալ խնդրին», - ասաց նա:
Ս.Սարգսյանն ընդգծեց, որ այդ հարցում կա շատ մեծ ձեռքբերում:
«Նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթում շատ հստակ կան ձևակերպումները և լուծման տեսլականները։ ԵՄ անդամ երկրները վավերացնելու են այդ համաձայնագիրը, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում այս փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով», - նշեց նախագահը: