12/02/2018 13:01
Դեռ գոհ չենք ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններից. Վահրամ Բաղդասարյան
Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է հայտարարությունները հասցեական լինեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի վերջին հայտարարությանը։
«Ակնհայտ է, որ այդ հայտարարությունները վերաբերում են ադրբեջական կողմին, բայց հայտարարությունների տեքստը հստակ չէ։ Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է հայտարարությունները հասցեական լինեն, նշվի, թե ովքեր են սադրիչները», - նշեց նա։
Նա ընդգծեց, որ իրենք բազմիցս նշել են՝ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որի բացակայությունը խոչընդոտում է մշտադիտարկման սարքերի տեղադրմանը։
«Մենք պետք է հասնենք այն բանին, որ միջազգային հանրությունը, առավել ևս Մինսկի խումբը հասցեական գնահատական տա։ Մենք դեռ գոհ չենք այդ հայտարարություններից, բայց ակնհայտ է, որ դա վերաբերում է Ադրբեջանին», - նշեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, որ Մինսկի խումբն ունի երկու հիմնական խնդիր՝ բանակցությունների լիարժեքության համար ընդգրկել Արցախյան կողմին և բանակցելի դարձնել Ադրբեջանին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ Ադրբեջանն այս պահվածքով անբանակցելի կողմ է:
«Այստեղ խոսքն ուղղակի բանակցությունների նորմալ միջավայր ստեղծելու մասին պետք է լինի, որ Մինսկի խմբի հիմնական հանձնառությունն է, իրենք պետք է ստեղծեն բանակցությունների միջավայր: Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից պատերազմել», - նշեց Ռուստամյանը։