12/02/2018 10:52
Հայաստանի համար կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ ԱՄՆ-ի հետ
Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Չեմ հիշում այնպիսի միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ այս հարցը բարձրացրած չլինենք», - ասաց նախարարը։
Վարդան Արամյանն ասաց նաև, որ վերջին ժամանակներում իր կողմից ևս ակտիվացվել է այս գործընթացը։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, քննարկել են այդ հարցերը.
«Մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսվարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն»։
Արամյանի խոսքով՝ որքան էլ ասվի, թե մեկ դեպքով չեն կարող դատողություններ անել, բայց փաստ է, որ այդպիսի դեպք արդեն կա. խոսքը վերաբերում է «Կոնտուր գլոբալ» ընկերությանը, որը հայաստանյան շուկա է մտել լյուքսեմբուրգյան ընկերության միջոցով։
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ չմտավ ամերիկյան կազմակերպության միջոցով, որովհետև շատ տրամաբանական է. եթե Լյուքսեմբուրգի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, դա վստահություն է ներշնչում, թե ինչպիսին պետք է լինեն միջազգային հարկման սկզբունքները, եթե կլինի հարկվող շահույթ։ Ակնհայտ է՝ ես էլ լինեի այդ ընկերության փոխարեն, նույն որոշումը կկայացնեի», - նշեց նախարարը։
Այս ամենը կառավարությանը ևս մեկ հնարավորություն է տալիս՝ դատողություն անելու, որ ամեն դեպքում Հայաստանի համար կարևորվում է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր ունենալ ԱՄՆ-ի հետ, «եթե մենք ցանկանում ենք ընդլայնել մեր տնտեսական կապերը»։
Նախարարը նշեց նաև, որ մարտին ունենալու են հերթական միջկառավարական նիստը, պատրաստվում են այս հարցը ևս մեկ անգամ բարձրացնել։
Արամյանը տեղեկացրեց՝ ԱՄՆ-ում իր գործընկերն արդեն առաջին դրական արձագանքը տվել է.
«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարն ասել է, որ կվերանայի և իր թիմի հետ այս հարցը կքննարկեն՝ նաև իրավաբաններ ներգրավելով»։