12/02/2018 12:47
Ադրբեջանի պահվածքն առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար. Նիկոլ Փաշինյան
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին, բայց, ցավոք սրտի, համանախագահները խուսափում են կոնկրետ ձևակերպումներից, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞ւմ պարզ չի դա. եթե ասում են կողմերին սադրիչ գործողություններից զերծ մնալ, ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի կողմից ինչ սադրանքներ պիտի լինեն, մեզ դրանք ձեռնտու չեն, մեզ ձեռնտու են բանակցությունները», - նշեց նա։
Փաշինյանը խայտառակություն որակեց այն, որ մինչև հիմա Վիեննայի պայմանավորվածություններն ու հրադադարի ռեժիմը գործարկված չեն։
«Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածություններն իրականացնելուց։ Դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար», - նշեց նա։
Հիշեցնենք, որ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հակամարտող կողմերին զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և գործողություններից։