13/02/2018 10:01
Արմեն Սարգսյանը ցույց է տվել, թե ինքը կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ:
Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանն իրեն պահել է բավական ինքնավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել:
«Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, և նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա: Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որտեղի՞ց եք հետևելու»», - գրում է թերթը: