13/02/2018 15:02
Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու նպատակից. Բակո Սահակյան
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին և հանդես եկել ելույթով, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
«1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ և այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը: Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման և կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջևանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման և վերացան պատմական ասպարեզից: Մենք այլընտրանք չունեինք և երբևիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա ընդգծել է` Արցախյան շարժումն ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության և ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ, ի պատասխան Ադրբեջանը դիմել է բռնությունների:
«Անմարդկային քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է նաև այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրը ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի և Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:
Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, և թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա նշել է` Պաշտպանության բանակը և հայոց զինված ուժերն այս ազգային-ազատագրական պայքարի, անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են.
«Դրանք մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկն են: Պետությունն այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ»,- ասել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի զարգացմանն` ընդգծելով, որ վերջին երեք տասնամյակում Արցախն անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ:
«Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը և թևակոխել կայուն զարգացման փուլ:
Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետևողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրը օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին և բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:
Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունը Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակները առանց Հայաստանի Հանրապետության գործուն և անմիջական մասնակցության»,- ասել է Բակո Սահակյանը:
Նշենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: