13/02/2018 18:04
Երաժշտական գործունեության մեջ մեծ ազդեցություն են ունեցել Բախը և Կոմիտասը. Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում է
Այս օրերին տիկնոջ հետ Հայաստանում է գտնվում լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: 2018 թվականին նշվում է մեծ երաժիշտի 85-ամյա հոբելյանը, և նրան նվիրված հոբելյանական միջոցառումների սկիզբը կտրվի Հայաստանում՝ փետրվարի 13-ից 17-ը մեկնարկող փառատոնով:
Փառատոնին ընդառաջ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Քշիշտոֆ Պենդերեցկին և նրա տիկինը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հանդիպեցին լրագրողների հետ: Իր մուտքը երաժշտական կրթօջախ անվանի երաժիշտը նշանավորեց՝ դպրոցի բակում ծառ տնկելով, այնուհետև դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը հյուրերին ծանթացրեց նոր վերանորոգված շենքին:
«Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ և ուրախություն է այսօր գտնվել մեր ժամանակների մեծագույն դիրիժորի, կոմպոզիտորի կողքին, առավել ևս՝ հյուրընկալել նրան իր ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի աշխարհի բոլոր երկրներում նշվելու է նրա 85-ամյա հոբելյանը, ու մեծ պատիվ է, որ այդ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից: Մենք նրան սիրում ու գնահատում ենք ոչ թե միայն նրա համար, որ արմատներով մասամբ հայկական ծագում ունի, այլ, իսկապես, գործ ունենք համաշխարհային մեծության աստղի հետ: Մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել, գունավորել աշխարհը», - հանդիպման ժամանակ նշեց Արմեն Ամիրյանը:
Նախարարն առանձնացրել էր ու մեջբերեց Պենդերեցկու հարցազրույցներից մեկ հատված, որտեղ նա խոստովանել է՝ իր երաժշտական գործունեության մեջ մեծ ազդեցություն են ունեցել աշխարհի երկու մեծագույն կոմպոզիտորները՝ Բախը և Կոմիտասը: Մաեստրոն նշել էր՝ կոմպոզիտորը նաև հերոս է, և Կոմիտասը հենց այդպիսին էր:
85-ամյա երաժիշտն ընդգծեց՝ իր համար կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի է ունենում նման փառատոն.
«Ես տիկնոջս հետ միշտ էլ սիրով եմ գալիս Հայաստան։ Ամեն անգամ Հայաստան գալով՝ լսում եմ ամենաբարձր մակարդակով հիանալի երաժշտություն, և որ ամենակարևորն է՝ հրաշալի մարդկանց ենք այստեղ հանդիպում։ Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը: Միայն ցավում եմ, որ հայերենին չեմ տիրապետում»:
Պենդերեցկին պատմեց, որ իր տատը հայկական արմատներ ունի՝ Սպահանից էր: Խոսելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին՝ նշեց, որ մի քանի տարի առաջ գրել է «Երրորդ սաղմոսը» ստեղծագործությունը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Ես տարեկան շուրջ 60 կոնցերտ եմ գրում, իսկ կոմպոզիտորի համար դա չափից շատ է», - ասաց նա:
Լեհ կոմպոզիտոր, դիրիժորը չի թաքցնում՝ իր նախընտրած հեղինակը Բախն է, ումից դեռ պատանեկան տարիներից շատ բան է սովորել:
Հատկանշական է, որ ամեն անգամ տիկնոջ հետ Հայաստան ժամանելիս ունկնդրւմ է իր գործերը, որոնք կատարվում են հայ երաժիշտների կողմից: Նկատում է՝ հրաշալի դիրիժորներ ունեք, որոնք չափ են տալիս իմ ստեղծագործությունները, և ես նրանց շատ շնորհակալ եմ դրա համար։
Պենդերեցկու փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։
Փառատոնի ընթացքում կներկայացվեն Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: Դրանցից շատերը Հայաստանում կկատարվեն առաջին անգամ: Այս փառատոնն իր շուրջն է համախմբել նաև հայաստանյան կատարողներին: Ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. Ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտասահմանից ժամանած անվանի մենակատարներ: