13/02/2018 22:39
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող պատմության առիթով հանդես է եկել հայտարարությամբ։
Ըստ դրա՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է:
«Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հանձնարարությամբ և աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները», - ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Yerkir.am-ը, հայտնել էր, որ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը տհաճ իրավիճակում է հայտնվել: Նրան չեն տրամադրել խոստացած նոր դահուկային գույքը, իսկ նրա մոտ եղածը կոտրվել է:
Մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ «Հայաստան» նշումը:
Աշոտ Կարապետյանը հայտնել է, որ պատվիրակության ներկայացուցիչներն են իրենց միջոցներով փորձել իր համար գույք ձեռք բերել, Ռուսաստանից մարզակոշիկներ են պատվիրել, որոնք դեռ տեղ չեն հասել, իսկ դահուկները եղել են օգտագործված:
Ի դեպ, մարզիկը մեզ հայտնեց, որ չի փոխել իր դիրքորոշումը` ստեղծված իրավիճակում չի ցանկանում մեկնարկի դուրս գալ:
Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը Yerkir.am-ին հայտնեց, որ խնդիրն օպերատիվ կերպով լուծում է ստանում:
Խնդրի առնչությամբ Ծաղկաձորի քաղաքապետ, Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը պնդել է, որ մարզիկն ապահովված է գույքով: Հարությունյանի խոսքով՝ քանի որ Աշոտ Կարապետյանը բանակային տարիքում էր, երկրից դուրս գալու խնդիր ուներ, դրա համար նրա համար դահուկ չեն պատվիրել:
«Աշոտը մեր հավաքականի անդամ է: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, կարող եք գրավոր դիմել ֆեդերացիային, թե խի է ինքը ամսի 21-ին իր միավորները հավաքել (նկատի ունի հունվարի 21-ը - Yerkir.am): Ինքը իրավունք չուներ գնալու, նեվիեյզդնոյ էր, բանակի խնդիր ուներ: Դրա համար նմանատիպ միջոցառումների տանում ենք, որ զարգացնենք, ընդառաջում ենք, որ այդ երեխան գնա», - ասաց նա:
Դիտարկմանը, թե 6 օր առանց մարզումների անցկացնելն արդյո՞ք չի անդրադառնա մարզիկի ցուցաբերած արդյունքի վրա, ֆեդերացիայի նախագահն արձագանքեց. «Եթե ուզում եք իմանալ` աշխարհի ամենալավ լիժեքն էլ տանք, մեկ ա, ինքը ոնց իջնի, ըտենց էլ իջնելու ա. վերջին տեղն են ընգնելու, մենք չունենք ըտենց դահուկորդ: Հարութն էլ գնար, Վազգենն էլ գնար, Աշոտն էլ գնար, մեկ ա, նույն ձևի, նույն տեղն էր գնալու»: