14/02/2018 14:38
Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը հիմնված է հայրենիքը դավաճանած մարդու խոսքերի վրա. Մարիա Կուրսովա
Կանանց շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Մարիա Կուրսովան համամիտ չէ այս օրերին Հարավային Կորեայում ընթացող ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերից առաջ ռուսաստանցի մարզիկների նկատմամբ ՄՕԿ-ի կիրառած պատժամիջոցներին:
«Իհարկե, անչափ դժգոհ եմ այն ամենից, ինչ տեղի է ունենում ռուսական սպորտի շուրջ, որովհետև միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը հիմնավորված չէ: Այն հիմնված է հայրենիքը դավաճանած մարդու խոսքերի վրա: Կարծում եմ՝ դա կարևոր հանգամանք է, որը չի կարելի անտեսել: Ասել է թե, այդ ամենը մաքուր քաղաքականություն է: Ցանկացած պարագայում հետևում եմ օլիմպիական խաղերին, բայց շատ դժգոհ եմ նման երևույթներից», - Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց Կուրսովան, ով մինչ Հայաստան տեղափոխվելը հանդես է եկել շախմատի Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում:
Հիշեցնենք, որ միջազգային օլիմպիական կոմիտեն՝ հիմնվելով արտասահմանում ապաստանած Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի մեղադրանքների վրա՝ հակադոպինգային կանոնների խախտման հիմնավորմամբ ռուսաստանցի 389 մարզիկի զրկել է Փհենչհանի օլիմպիադային մասնակցելու իրավունքից: