15/02/2018 15:12
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար
ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, հայտնում է ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:
Փետրվարի 5-ին զորամիավորման վարչակազմը ենթակա զորամասում կազմակերպված արարողությամբ՝ պատվով և հանդիսավորությամբ հրաժեշտ տվեց զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, շնորհավորելով գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին նոր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու առթիվ, ասաց, որ հրամանատարի կայացման և առաջխաղացման գործում կարևոր դեր ունի նաև զորամիավորման անձնակազմը՝ իր տքնաջան աշխատանքով, ժամանակին և անթերի պարտականությունների կատարմամբ:
Մովսես Հակոբյանը ներկայացրեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անցած մարտական ուղին, ՀՀ զինված ուժերում նրա ծառայությունները` նշելով, որ նա միշտ էլ բարեխիղճ կատարել է իր պարտականությունները, և վստահեցրեց, որ նոր պաշտոնում նույնպես նա կիրականացնի գերազանց ծառայություն՝ ի նպաստ զինված ուժերի հզորացման, զորքերի միացյալ խմբավորման մարտունակության ամրապնդման:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին պատասխանատու աշխատանքում մաղթեց նոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: