15/02/2018 12:24
Մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում. Բաբլոյան
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ԱԺ նախագահն իր ելույթում կարևոր էլ Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը:
«Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետևողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում», - նշել է Բաբլոյանը:
Նա ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով և զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է նրանց եղբայրությունը:
«Մենք միասին ենք և դարերով միասին կլինենք», - ելույթի վերջում ընդգծել է Բաբլոյանը: