15/02/2018 12:36
Ռուսական ընկերությունների հետ գործարքների հետևանքով ԱՄՆ պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգը չափազանցված է. Շավարշ Քոչարյան
Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ լուրերին, թե ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Շավարշ Քոչարյանը նշեց, թե ծանոթ չէ փաստթաթղթին և չի կարող մեկնաբանել:
«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել», - ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, թե չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բնակցություններ:
Հարցին, թե պատժամիջոցների ներքո հայտնված ռազմաարդյունաբերական ըներությունների առկայությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագոծակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:
«Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվանգության կարևոր բաղադրիչն է», - ասաց նա:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»: