15/02/2018 22:18
Մոսկվայի գնահատականը միակ հասցեականն է Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը. Շարմազանով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան այսօր շատ հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանին։ Միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս», - ասաց նա:
Է.Շարմազանովի խոսքով՝ Զախարովայի գնահատականը մեղադրանք էր Ադրբեջանին, որը օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը նվաճելու նրանց նպատակի մասին:
«Այս իմաստով կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը բխում է տարածաշրջանային խաղաղության շահերից և չի բխում Ադրբեջանի նացիստական նպատականերից ու առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց հայտարարությանը», - ասաց Է. Շարմազանովը:
Նա հույս հայտնեց, որ Զախարովայի գնահատականը վարակիչ կլինի մյուսների համար, որ ունենան քաղաքական խիզախություն իրերն իրենց անուններով կոչելու:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկցրել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Երևանը գրավելու մասին, չեն նպաստում լարվածության թուլացմանը։
«Իհարկե, Մոսկվայում տեսել են նրա հայտարարությունը։ Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, սակայն այդ հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը», - ընդգծել է Մ.Զախարովան։