16/02/2018 12:25
Ասում են՝ կնոջ նկատմամբ բռնություն... ես այնտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա. Վահրամ Բաղդասարյանը` Երևանի ավագանիում ծեծկռտուքի մասին (Տեսանյութ)
Եթե ես տղամարդ եմ ձեռներս գրպանում, դուք պիտի գաք ինձ ապտակե՞ք, ես էլ Աստվածաշունչ կարդացած մարդ եմ, պիտի մյուս երես էլ դեմ տա՞մ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Դա ակցիա չէր, դա միտում էր, որ կարողանան ուշադրության կենտրոնում լինեն։ Հերոստրատը նույնպես տաճարը վառեց, որպեսզի պատմության մեջ մնա։ Ասում են՝ կնոջ նկատմամբ բռնություն... ես այնտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա», - նշեց Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ դա միտում էր քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարելու։
Դիտարկամանը, թե «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ իր հանդեպ սեռական ոտնձգություն է կատարվել, Բաղդասարյանն ասաց. «Լկտիությունը չափ պետք է ունենա»։
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ դեպքից մեկ օր առաջ բնակիչների բողոքով այնտեղ քաղաքապետարանի ու համապատասխան կառույցների ներկայացուցիչներն են եղել, քաղաքապետրանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել և անմիջապես տեխնիկան տեղափոխել աշխատանքի։
Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները տարաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը: Նրանք փորձեցին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի տարաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։