16/02/2018 15:55
Արա Բաբլոյանը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:
Ազգային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու և օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարևոր գործընկերներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբու Հորիին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: