16/02/2018 13:23
Իսրայելը առաջիկայում կներկայացնի ԼՂ խնդրի վերաբերյալ կառավարության պաշտոնական տեսակետը. Գագիկ Մինասյան
ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խումբը Իսրայել կատարած այցի ժամանակ մի շարք կարևոր հարցեր է բարձրացրել, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման, Ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանին զենք վաճառելու մասին։
«Գործուղումը բավականին ծանրաբեռնված էր։ Չորս օրվա ընթացքում տասնհինգ հանդիպում ենք ունեցել, որից վեցը տեղի է ունեցել իրենց խորհրդարանում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նա ընդգծեց, որ ԼՂ հարցի կարգավորման հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարը հաճախ կողմնակալ տեսակետ է հայտնում, ինչի մասին հայկական պատվիրակությունը անդրադարձել է Իսրայելի խորհրդարանում։
«Մենք հաստակ հարց ենք բարձրացրել, սա նախարարի՞, կառավարությա՞ն, թե՞ որևէ պաշտոնյայի տեսակետն է։ Մեզ ասացին, որ կառավարությունն առաջիկայում կներկայացնի, թե իրականում, որն է կառավարության տեսակետը ու դա, բնականաբար, այն տեսակետը չէ, որը ներկայացնում էր նախարարը», - նշեց Գ.Մինասյանը, ընդգծելով, որ իրենք հայտարարել են՝ միայն Մինսկի խումբն ունի խնդրի լուծման իր բանալին, որը նաև արտահայտվել է ԵՄ-ի հետ ՀՀ համաձայնագրում։
Հայկական պատվիրակությունն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն։
«Մեզ համար անհասկանալի է, որ ժողովուրդը, որն անցել է գրեթե նույն ճանապարհով՝ ինչ մենք, այժմ հարձակվողական բնույթի զենք է մատակարարում մի երկրի, որի ղեկավարը բոլորովին վերջերս իր հայտարարություններով հավասարվեց բացասական առաջնորդների հետ», - նշեց Մինասյանը։
Հայկական պատվիրակությունը նաև անդրադարձել է Ադրբեջանի դասագրքերում, ֆիլմերում, գրականության մեջ հայատյացության խնդրին։
Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Գորգիսյանը։