16/02/2018 11:55
Թանկացումները կապված են ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ և, հնարավոր է, պարոն Ալեքսանյանը փարատի մեր կասկածները. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Խորհրդարանում մեկնարկել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2016 թվականին ընդունված Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին, ինչի հետևանքով 200 տոկոսով բարձրացավ ակցիզային հարկը լիցքավորման գազի համար՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացավ բենզինի ակցիզային հարկը՝ 250 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամ։
«Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, բայց մինչև հիմա էդպես էլ չկա շատ հստակ, կոնկրետ հասկանալի բացատրություն, թե ինչն է, ի վերջո, այս գների բարձրացման պատճառը», -հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նա անընդունելի համարեց Հայաստանում գների բարձրացման վրա միջազգային գների ազդեցության պատճառաբանությունը, քանի որ եթե միջազգային գների ազդեցությամբ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7.7 տոկոսով, ապա Երևանում՝ 32.3 տոկոսով։
Պատգամավորի խոսքով, Հայաստանում գնաճային սպասումները սկսվեցին դեռ նախորդ տարվա նոյեմբերից, թեպետ սպասվում էր, որ թանկացումներ պետք է լինեին 2018-ի հունվարի 1-ից։
«Բոլորը իմացել էին, որ հունվարի 1-ից այդ ակցիզային հարկը բարձրանալու է, ասել են՝ ի՞նչ տարբերություն նոյեմբերից սկսենք էդ գործը իրականացնել։ Սա իմ համոզմամբ, կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ և ինչպես ժողովրդական լեզվով ընդունված է ասել, սա կապված է նաև ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ։ Ընդհանրապես ամեն տարի ընտրություններից հետո մենք ունենում ենք լայն սպառման ապրանքների գների որոշակի թանկացում և այս տարի հետընտրական ժամանակաշրջանը բացառություն չէր։ Երկու ընտրություն ենք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ են աչքի ընկել», - իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելին, այս երևույթը նկատելի է ոչ միայն բենզինի, այլև շաքարավազի շուկայում: Նրա բերած տվյալներով, եթե միջազգային շուկայում շաքարի գները էժանացել են 39.4 տոկոսով, ապա ՀՀ-ում շաքարի գներն էժանացել են 6.2 տոկոսով։
«Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորիս այն կասկածները, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք, այսպես ասած, ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ», - ժպիտով նկատեց Նիկոլ Փաշինյանը։