16/02/2018 13:02
Տղե′րք, այս պահին գրպանումս լուծումներ չունեմ. Խոսրով Հարությունյան
Ցանկացած գնով Հայաստանի քաղաքացու եկամուտների ավելացումն անընդունելի է, այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելքի» ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։
Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ի՞նչ է անում քաղաքական մեծամասնությունը քաղաքացիների եկամուտները բարձրացնելու համար։
Ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց, որ քաղաքացիների եկամուտները պետք է ավելացնել բացառապես արտադրությունը զարգացնելով, արտադրողականության աճով։
«Ունեք տնտեսական աճ` կունենաք եկամուտների ավելացում, չունեք տնտեսական աճ` չեք ունենա եկամտի ավելացում։ Ցանկացած արհեստական եկամտի ավելացումը բերելու է գնաճի և ավելի սարսափելի հետևանքների։ Ես ասում եմ՝ տղե′րք, այս պահին գրպանումս լուծումներ չունեմ, բայց ես կարծում եմ, մենք կգտնենք լուծումներ», - հայտարարեց Հարությունյանը։
Պատգամավորի մյուս հարցին, թե ի՞նչ է արել քաղաքական մեծամասնությունը 2017թ.-ի կեսերից սկսված գնաճի հարցում հակամենաշնորհային չարաշահումները զսպելու հարցում, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը պատասխանեց, որ դա բարդ խնդիր է ու ավելացրեց.
«Ամենամեծ պրոբլեմը ոչ այնքան առանձին ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք ունենալն է, այլ ամենամեծ պրոբլեմը կարտելային համաձայնություններն են, որ պայմանավորվում են՝ ինչ գնով ապրանքը ծախեն։ Իսկ կարտելային համաձայնությունները բացահայտելը լուրջ խնդիր է ու ես չեմ տեսնում, որ ՏՄՊՊՀ-ն ունի համապատասխան գործիքակազմ դա բացահայտելու համար»։