16/02/2018 13:58
Հովնանյան Ինթերնեյշնլն աջակցում է հայկական օպերայի զարգացմանը
Հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանին, ով այսօր կդառնար 86 տարեկան:
Վահագն և Հասմիկ Հովնանյանների՝ հայապահպանությանն ուղղված գործունեությունը գաղտնիք չէ: Նրանց կյանքում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև մշակույթը` հատկապես երաժշտությունը:
Երևի պատահական չէր, որ Հայաստանի Ազգային օպերային թատրոնը ստեղծվեց հենց այն նույն թվին, երբ ծնվեց Վահագն Հովնանյանը՝ 1932 թվական: Նա հատկապես սիրում էր «Անուշ» օպերան, որն անընդմեջ կարող էր լսել, նույնիսկ հատվածներ էր կատարում սիրված ստեղծագործությունից:
Հովնանյան Ինթերնեյշնլն այսօր աջակցում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ջանքերին՝ ուղղված հայկական օպերայի զարգացմանը:
Հենց այս առիթով էլ այսօր Վահագնի բնակելի թաղամասում, որն ուղիղ 20 տարի առաջ՝ 1998 թվականին հիմնել է Վահագն Հովնանյանը, տեղի կունենա «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որի ամբողջ հասույթը կուղղվի «Անուշ» օպերայի նոր բեմադրության կյանքի կոչմանը: Միջոցառման ընթացքում կհնչեն հատվածներ սիրված ստեղծագործությունից: Անուշին կմարմնավորի Մերի Մովսիսյանը, Սարոյին՝ Պերճ Քիրազյանը: Վարսենիկ Ավանյանը կկատարի հատված Տրավիատայից: Միջոցառմանը ներկա կլինեն հայտնի դիվանագիտական ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, Վահագնի թաղամասի բնակիչներ, օպերայի սիրահարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Վահագն Հովնանյանն արժանացել է բազմաթիվ հոգևոր և ազգային շքանշանների և տիտղոսների, որոնցից ամենանշանավորն է «Մեծի Տանն Կիլիկիո իշխան» կոչումը: