17/02/2018 10:01
Մարդու իրավունքների պաշտպանին կարգելեն ներկա գտնվել նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարության նիստերին
Հայաստանի արդարադատության նախարարությունը «Մարդու իրավունքների մասին» սահմանադրական օրենքում նախաձեռնել է փոփոխություն, որի համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ներկա գտնվել նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ կառավարության նիստերին։ Համապատասխան փոփոխությամբ նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում։
Այսպես, առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին և ելույթ ունենալու Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի» բառերով:
Ըստ նախագծի՝ օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը։
Նկատենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայումս անարգել, առանց որևէ մեկի հրավերի ներկա է գտնվում կառավարության նիստերին։