19/02/2018 17:19
Քանի որ սա ակտիվ ռոքային համերգ է լինելու, երիտասարդներն էլ գոհ կմնան. Անդրե Սիմոնյանը՝ «Մոդերն թոքինգ»-ի հայաստանյան համերգի մասին (Տեսանյութ)
Մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, լեգենդար «Մոդերն թոքինգ» խումբը ելույթ կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջատար վոկալիստ Թեմաս Անդերսը կենդանի ձայնով ու նվագակցությամբ կհնչեցնի 80-ականներից մինչ այսօր հիթ դարձած կատարումները: Կազմակերպիչներն են «LA Concert Group»-ն ու Unity Production-ը:
«Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի, ինձ մի փրոմոութեր դիմեց «The Beautified Project» խմբի համերգների համար: Պարզվեց, որ ազգությամբ հայ այդ մարդն ԱՄՆ-ում «Մոդերն թոքինգ» խմբի փրոմոութերն է: Իրեն ասացի, որ այդ խումբը նախկին Սովետական միության երկրներում սիրված ու ճանաչված է, ինքն էլ առաջարկեց՝ միասին Երևանում սիրված խմբի մենահամերգը կազմակերպել», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգիչ, երաժիշտ, Unity Production-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը:
Երաժիշտը խոստովանեց՝ ֆեյսբուքյան վիճակագրություն է անցկացրել ու պարզել, որ այս խմբի կատարումներով առավել հետաքրքրված են 30-ն անց մարդիկ: Թեև նկատեց՝ քանի որ սա ակտիվ ռոքային համերգ է լինելու, առավել երիտասարդներն էլ գալու դեպքում գոհ կմնան: Նրանցից շատերը ծանոթ են այդ երգերին, բայց չգիտեն, որ դրանք հենց «Մոդերն թոքինգ»-ի արտադրանքն են:
Արդեն շուրջ 3 շաբաթ է՝ համերգի տոմսերը վաճառքի մեջ են: Ամենաէժան տոմսը 5 հազար դրամ է, ամենաթանկը՝ 100 հազար: Ի դեպ, հայաստանյան համերգի հանդիսատեսի շարքերում են լինելու ոչ միայն հայաստանցիները, այլև՝ այլազգիներ, ովքեր Երևան են ժամանելու հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար:
«Քանի որ պրոմոութերն ազգությամբ հայ է ու Հայաստանից մեծ շահույթ չի ակնկալում, միասին որոշեցինք, որ պետք է 2 հազար հատ 5 հազար դրամանոց տոմս լինի՝ ամեն մի ցանկացողին հնարավորություն տալով ներկա գտնվել համերգին: Դրսից եկած խմբերի դեպքում երբեք նման բան չի եղել, մատչելի տոմսերը առավելագույնը մի քանի հարյուրն են եղել: Իսկ առաջին երեք շարքերը 100 հազար դրամանոց տոմսերն են, իսկապես կան երկրպագուներ, ովքեր պատրաստ են ձեռք բերել դրանք: Նման համերգները բավական ծախսատար են, թիմը 10 հոգուց է բաղկացած ու պետք է կարողանանք նրանց օդանավի, մնալու և սնվելու ծախսերը հոգալ: Թանկանոց տոմսերը միայն այդ ծախսերը հոգալու համար են: Ուզում եմ հորդորել, որ մեր հայրենակիցները շուտ ձեռքբերեն տոմսերը, քանի որ նկատել ենք՝ Պարսկաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ևս շատ են զանգահարում և տոմս պատվիրում: Սովորաբար, հայերը վերջին պահին են թողնում այդ գործը», - նկատեց Անդրե Սիմոնյանը:
Հայ համերգասեր հասարակությունը վերջին շրջանում այնքան էլ չի վստահում կազմակերպիչներին. մեկ անգամ չէ, որ հայտարարվել է այս կամ այն երգչի Հայաստան այցելության մասին, նույնիսկ հազարավոր տոմնսեր են վաճառվել, բայց արդյունքում երկրպագուները մնացել են դատարկաձեռն, ձեռքբերված տոմսերի գումարներն էլ վերադարձվել են երկարաժամկետ քաշքշուքից հետո: Անդրե Սիմոնյանը վստահեցրեց՝ իրենք նման խնդրի առջև հաստատ չեն կանգնի.
«Մենք անիջապես իրենց պաշտոնական պրոմոութերի հետ ենք համագործակցում, ամեն հարց լուծվում է թղթաբանությամբ ոչ թե բանավոր խուստումով ու ընկերական կապերով: Համերգի չկայացման հետ կապված որևէ մտավախություն չունենք: Սա հայկական տարբերակով կազմակերպված ռիսկային միջոցառում չի, այլ համաշխարհային մասշտաբի պրոֆեսիոնալ թիմ է աշխատում»:
Խմբի մենակատար Թոմաս Անդերսը հանդես է եկել նաև վիդեոհաղորդագրությամբ՝ հավաստիացնելով, որ ինքն ու իր խումբը մարտի 27-ին ամենաքիչը 1 ժամ 30 րոպե տևողությամբ հետաքրքիր շոու են ցուցադրելու երևանյան բեմում:
«Մոդերն թոքինգ»-ի 9 անդամները Հայաստան կայցելեն համերգից 2 օր, Թոմաս Անդերսը՝ 10 ժամ առաջ: