19/02/2018 14:50
Մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ. Արցախի ԱԳՆ
2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
«Այդ կապակցությամբ 2018 թ․ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-նշել է արտաքին գերատեսչության ղեկավարը։
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, ըստ նրա, դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։
«Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ։ Իհարկե, 2018 թ․ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը չափազանց լավատեսական կլիներ։ Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է Մ. Մայիլյանը։