19/02/2018 14:46
Ադրբեջանը նպատակաուղղված ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Մասիս Մայիլյան
Ջանքեր պետք է ուղղել Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
«Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ․ մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը»,- ասել է Մասիս Մայլիյանը:
Նա ընդգծել է` լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։
«Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի նմանատիպ մեքենայությունների արդյունքում։ Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ»,- ասել է ԱՀ արտգործնախարարը:
Ըստ նրա` կասկած չկա, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք։