19/02/2018 17:00
Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջադրումները մեկնարկել են. Դեռ թեկնածու չկա
Հայաստանի նախագահի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումները սկսվել են փետրվարի 18-ից, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նա ասաց, որ այս պահին առաջադրված թեկնածու չկա։
Նկատենք, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը։ Ըստ օրենքի՝ Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։
Հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ, այսինքն՝ առաջադրումները մեկնարկում են փետրվարի 18-ից մինչև 28-ը։
Նույն հոդվածով, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:
Առայժմ հայտնի է ԱԺ Հանրապետական խմբակցության թեկնածուի անունը, որը Արմեն Սարգսյանն է։ ԱԺ «Ելք» խմբակցությունը ևս ուներ ՀՀ նախագահի սեփական թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, սակայն անհրաժեշտ քանակի պատգամավորների թիվը չկարողացան ապահովել, հետևաբար «Ելք»-ի թեկնածուն չի կարող առաջադրվել։
Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:
Հանրապետության նախագահի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է փետրվարի 27-ին։
Ըստ օրենսդրության՝ թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև 15-ական րոպե, թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ, թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև 30-ական րոպե:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Օրենսդրությունը նախատեսում է նաև իրավիճակը՝ նախագահի չընտրվելու դեպքում։ Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում։