20/02/2018 12:13
Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. Սերժ Սարգսյան
Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը և այսօր նշվում է այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունը հռչակել է Արցախի վերածննդի օր, այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր», - նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է` այդ օրերին պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի:
«Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր:
Արցախի հայությունը, թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը, կարողացավ պատվով դուրս գալ այդ ծանր փորձությունից: Այսօր մեզ թշնամի անվանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտվել և չի բնաջնջվել այդ պատերազմում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա դիտարկմամբ` Ղարաբաղյան շարժումը պետք է փոխակերպում ապրեր և պետականության հռչակմամբ այն ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն:
«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես:
Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե և արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների և ակնկալիքների նշաձողը:
Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն՝ ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերևս ամենակարևոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին և կրկին համարելու ենք, որ քիչ է», - նշել է ՀՀ նախագահն ընդգծելով` անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք:
«Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ: Մենք անվերապահորեն հարգում ենք մարդու հիմնարար իրավունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատությունը և մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են»: