20/02/2018 14:07
Պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ. Վարչապետ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է:
«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար:
«Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵԱՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարևոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի:
Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում բիզնեսի մոտ մեծ հետաքրքրություններ է տեսնում նաև շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, ճանապարհաշինության, ջրամբարաշինության և այլ ուղղություններով: Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրերի իրականացման մեծ ներուժ է տեսնում ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի, Ռուսաստանում ներմուծման փոխնարինման, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի շրջանակում:
«Հաշվի առնելով նաև ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առևտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով այստեղ գործունեւթյուն ծավալի»,- նշել է Կարեն Կարապետյանը:
«Մեր փոխգործակցությունը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և կարելի է ասել, որ այժմ այն նոր աստիճանի է հասել, և դա արտացոլվում է նաև տնտեսական արդյունքներում: Բացարձակ թվերով ասած՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը մեր համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլարի: Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաև ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ», - ընդգծել է Մաքսիմ Սոկոլովը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները:
«Այդ ամենը Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար, և մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են մեր գործընկերները, ովքեր պլանավորում են զարգացնել իրենց ծրագրերը և´ ճանապարհաշինության, և´ պետություն-մասնավոր համագործակցության, և´ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, մեր համագործակցության բոլոր ոլորտներում: Այդ թվում, իհարկե, մենք առաջին հերթին մեծ պոտենցիալ հետաքրքրություն ենք տեսնում Ձեր նշած ոլորտներում», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը: