20/02/2018 16:10
30 տարի անց Երևանի կինոյի տունը կբացի իր դռները
Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Կինոռեժիսորների գիլդիայի նախագահ Միքայել Դովլաթյանը, Կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանը, Կինոդերասանների և Կինոսցենարիստների գիլդիայի նախագահներ Վիգեն Ստեփանյանն ու Լևոն Գալստյանը, Կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ Արտո Մելքումյանն ու Մկրտիչ Բարոյանը, Կինոնկարիչների գիլդիայի փոխնախագահ Սեդրակ Վելիկոդնին, Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի փոխնախագահ Րաֆֆի Մովսիսյանը և Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը:
Ներկաներն ընդգծեցին, որ գիլդիաների հիմնական խնդիրն է առաջնահերթորեն պաշտպանել կինոմասնագիտությունների կրողների պրոֆեսիոնալ, մասնագիտական շահերը, դրանց շուրջ համախմբել ստեղծագործողներին, ձևավորել համապատասխան շուկաները և լինել ազդեցիկ և գործող խաղացողներ այդ շուկաներում:
Այս կարճ ժամանակահատվածում ընտրվել են գիլդիաների ղեկավար մարմինները, սկսվել է գիլդիաներին անդամակցության գործընթացը, ստեղծվել է նաև գիլդիաների նախագահների խորհուրդը:
Ըստ մասնագետների՝ պրոֆեսիոնալ գիլդիաները էական ազդեցություն են ունենալու Հայաստանում իրականացվող կինոքաղաքականության գործում, պաշտպանելու են կինոմասնագետների պրոֆեսիոնալ շահերն ու իրավունքները, նպաստելու են կինոմթնոլորտի ձևավորմանը:
Անդրադառնալով շուրջ 3 տասնամյակ չգործող Կինոյի տանը՝ Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց՝ 30 տարի անց Կինոյի տան մեծ դահլիճը հիմնանորոգումից հետո ամբողջությամբ բացվելու է հանդիսատեսի առջև պրոֆեսիոնալ գիլդիաների հանդիսավոր մրցանակաբաշխությամբ և «Առաջին սիրո երգը» ֆիլմի ստեղծման 60-ամյակի հանդիսավոր նշումով. հենց այս գարնանն առաջին անգամ անցկացվելու է «Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների առաջին հանդիսավոր մրցանակաբաշխությունը», որը կայանալու է Կինոյի տան մեծ դահլիճի բացման հանդիսավոր արարողության հետ միասին: