21/02/2018 15:45
Հայկական 93 արդյունաբերական ընկերություն մասնակցել է արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի
Ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ դրամ ներդրումներով։
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է, որ ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։
Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12,6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15,7% աճը:
Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:
Ըստ նախարար Կարայանի` ընթացիկ տարում հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է և առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը:
Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման և ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը և մի շարք այլ աշխատանքներ: