21/02/2018 18:01
Նալբանդյանը Մոգերինիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ և Մինսկի խմբի համանախագհների ջանքերը
Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:
Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծել են Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։
ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։
Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ է արվել ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։
Հայաստանի արգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրել են Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։