21/02/2018 14:52
Ստորագրված պայմանագրերը կբացեն բրազիլական շուկան հայ արտադրողի համար. ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Բրազիլիայի հայ համայնքի գործունեությանը, նրանց բնութագրել է որպես Բրազիլիայի ազնիվ ու արժանապատիվ քաղաքացիների:
Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են՝ հորիզոններ բացելով համագործակցության նոր բնագավառների համար:
Արա Բաբլոյանը կարևորել է տարիների ընթացքում կատարված բարձր մակարդակի այցերը և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն ու համագործակցության աշխուժացմանը՝ հույս հայտնելով, որ որպես փորձառու դիվանագետ՝ Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի՝ կարևորելով խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:
ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը ներկայացրել է առաջիկա անելիքները, երկկողմ հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները:
Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները, մասնավորապես ստորագրված պայմանագրերը կսկսեն իրականանալ Բրազիլիայի Սենատում վավերացվելուց հետո: Դեսպանի խոսքով՝ վավերացումը հնարավորություն կտա նոր ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար, մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները:
Դեսպանը նշել է, որ գործնական դիվանագիտության կողմնակից է և Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի իրականացնելու:
Նորանշանակ դեսպանը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի հետ, նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը: