21/02/2018 13:30
Ինչպես 2008-ին, Հայաստանում այսօր էլ կան քաղբանտարկյալներ. Փաշինյանը ներկայացրեց մարտի 1-ի մասին նախագիծը
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավուքնների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Փաշինյանի ներկայացմամբ, փաստաթղթում նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:
Ներկայացված փաստաթղթով ՀՀ իրավապահ մարմիններից պահանջվում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։
Ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը «Ելք»-ը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։
Բացի այդ, պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։
Նշենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգորյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը,. Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը։
«Մինչև հիմա նրանց մահվան հանգամանքները կամ սպանությունները բացահայտված չեն ու նրանց հարազատներին փոխհատուցում չեն տրվել։ ՀՀ իրավապահ մարմինները անընդհատ խոստումներ են տալիս, որ առաջիկայում կունենանք արդյունքներ, սակայն սպանությունների բացահայտման առումով արդյունքներ այդպես էլ չենք տեսնում», - Հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մատնացույց անելով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով նույնպես հայտարարել է, որ միջոցները կձեռնարկվեն սպանությունները բացահայկտելու առումով, սակայն իրական քայլեր չեն արվել։
«Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում եղել էն քաղբանտարկյալներ և Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան քաղբանտարկյալներ։ Եվ 2008 թվականը այս առումով առանձնանում էր նրանով, որ քաղբանտարկլյալների թիվը անհամեմատ մեծ էր։ Այսօր էլ քաղբանտարկյալներ են Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը ու սա շարունակում է մնալ խայտառակություն Հայաստանի համար, ցույց է տալիս, որ իրավական, ժողովրդավարական շապիկի տակ թաքնված է իրականում ընդդիմադիրներին հետապնդող և անընդհատ քաղբանտարկյալներ ունեցող համակարգ», - հայտարարեց Փաշինյանը։