22/02/2018 20:07
«Ծառուկյան» խմբակցությունը հակված է կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, առաջադրումը տեղի կունենա փետրվարի 23-ին
«Ծառուկյան» խմբակցությունը առայժմ վերջնական որևէ դիրքորոշում չունի ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին պաշտպանելու հարցում։
Խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջնական այդ հարցը քննարկելու և պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար խմբակցությունը չի հավաքվել, քննարկում չի եղել։
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին մինչև քառօրյայի մեկնարկը մենք որոշում կունենանք։ Բայց ես անձամբ կողմ եմ Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը», - ասաց Վ.Բոստանջյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեն։
«Գագիկ Ծառուկյանը դեռ այստեղ չի, կգա՝ միասին կորոշենք ու կհրապարակենք մեր դիրքորոշումը» , - ասաց Ն.Զոհրաբյանը։
Aysor.am-ի տեղեկություններով, սակայն, «Ծառուկյան» խմբակցությունը հակված է կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է Արմեն Սարգսյանին որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Ազգային ժողովին ներկայացնելու ստորագրահավաքը:
«Այսօր արդեն սկսել ենք ստորագրահավաքը: Ամենայն հավանականությամբ, վաղը կլինի խմբակցության նիստ, և մենք, օրենքով սահմանված կարգով, կներկայացնենք Արմեն Սարգսյանի թեկնածությունը, որպեսզի հաջորդ քառօրյայի ընթացքում ընտրենք ՀՀ 4-րդ նախագահին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նախագահի թեկնածուի առաջադրումը Ազգային ժողովում տեղի կունենա փետրվարի 23-ին։