22/02/2018 14:25
Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը. Սերժ Սարգսյան
Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:
ՀՀ նախագահն ասել է, որ Լիբանանի Հանրապետության նախագահի անդրանիկ այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններին:
«Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան: Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի», - ասել է ՀՀ նախագահը։
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարևոր է տնտեսական բաղադրիչը.
«Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար», - ներկայացրեց Ս. Սարգսյանը։
Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել միջազգային կառույցներում արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես կենսական կարևորություն ներկայացնող հարցերում:
Սերժ Սարգսյանը նշել է, թե Հայաստանը կարևորում է Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր է գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանն էլ, նախագահի խոսքով, ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի քույրերին և եղբայրներին:
«Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ», - ասել է ՀՀ նախագահը։
Նա Լիբանանի նախագահի հետ պայմանավորվել է նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Լիբանանի նախագահին ՀՀ նախագահը հրավիրել է Հայաստան՝ աշնանը մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ինչին էլ տրվել է դրական պատասխան։