22/02/2018 13:37
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի մոտեցումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն է. Նալբանդյան
Հայկական կողմը ողջունում է ղարաբաղյան կարգավորման հարցում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ դիրքորոշումն ի աջակցություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին, իսկ Մինսկի խմբի նախագահների համապատասխան մոտեցումները հայտնի են», - ասաց արտգործնախարարը։
Նալբանդյանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի մոտեցումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն է, և այն առաջարկների հիման վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր, հիշեցնենք, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:
«Միշել Աունի այցելությունը Հայաստան, միանշանակ իր ազդեցությունը կունենա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար։ Մենք Լիբանանի հետ ունենք ավանդական, ջերմ, բարեկամական հարաբերություններ և երկու կողմից էլ ձգտում կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Նալբանդյանը։