22/02/2018 15:04
Ֆուտբոլը միավորել է Ռուբեն Հայրապետյանին ու Հրաչյա Ռոստոմյանին. հանդիպումն անցել է կոնստրուկտիվ ու փոխադարձ հարգանքով
Մամուլն այսօր գրել էր, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել են:
Aysor.am-ի հետ զրույցում Հրաչյա Ռոստոմյանը հաստատեց, որ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ:
«Այո, հանդիպում եղել է», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը:
Հարցին` ինչպե՞ս են համագործակցելու Ռուբեն Հայրապետյանի հետ, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց` «շատ նորմալ»:
«Ասեմ, որ ամեն ինչ անցել է շատ կոնստրուկտիվ, փոխադարձ հարգանքով և, բնականաբար, այս ամենը իր դրական արդյունքը կթողնի ֆուտբոլի վրա, որովհետև սպորտն ամենամիավորող ոլորտն է ու բոլորս պարտավոր ենք հանուն սպորտի ամեն ինչ անել», - նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք, որ ՀՖՖ նախագահի ու Սպորտի նախարարի հանդիպումը պայմանավորված է եղել Գագիկ Ծառուկյանի կողմից ֆուտբոլային ակումբներ հիմնելու հետ:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ Ծառուկյանը կհիմնի ֆուտբոլային երկու ակումբ։
Aysor.am-ի տեղեկություններով՝ նոր ակումբներ հիմնելու հետ կապված բանակցություններ են վարվում միջազգային հեղինակավոր ակումբների ու սպորտային գործակալությունների հետ։
Երեք քննարկում արդեն տեղի է ունեցել, ևս երկուսը տեղի կունենա առաջիկայում։
Շրջանառվում է ակումբների «Կոտայք» և «Լոկոմոտիվ» անունները, սակայն այս անունները դեռ վերջնական չեն. Դրանք փոփոխման ենթակա են։