22/02/2018 18:48
Առեղծվածային բան կա, որի մասին հանրությունը կիմանա տեսահոլովակը դիտելուց հետո. Ձախ Հարութի նոր տեսահոլովակը նվիրված է կնոջ հիշատակին
Ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, շուտով հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի ռեժիսորը երգչի հայաստանյան պրոդյուսեր Խաչիկ Եղոյանն է: Երգն առաջին անգամ երգիչը կատարել է 2017 թվականի մայիսի 20-ին Երևանում կայացած մենահամերգի ժամանակ՝ նվիրելով այն կնոջ՝ Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին: Տեսահոլովակը նկարահանվել է օրերս և այժմ այն մոնտաժման փուլում է:
«Երգի հեղինակը կապանցի Գագիկ Գրիգորյանն է, կոչվում է «Ես առանց քեզ»: Տարիներ շարունակ այս կատարումը համացանցում է եղել հենց Գագիկի կատարմամբ, բայց բոլորը կարծում էին, թե Հարութն է երգում: Կարելի է ասել՝ ժողովուրդը «պահանջեց» ու հասավ նրան, որ դա իրականություն դառնա: Նախորդ տարի Մարզահամերգային համալիրում «Իմ կյանքը» խորագրով մենահամերգի ժամանակ անակնկալ պատրաստեցինք և առաջին անգամ երգը հնչեց Հարութ Փամբուկչյանի կատարմամբ: Շատ հուզական կատարում էր, 10 հազար հանդիսատեսի առջև Ձախ Հարութն այս երգն արտասվելով էր երգում: Հետևաբար, երբ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել, այն նվիրեցինք Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Խ. Եղոյանը:
Ռեժիսորի խոսքով՝ սյուժետային առումով տեսահոլովակը փոքր-ինչ միստիկ բնույթ է կրում: Ի դեպ, երբ երգիչը տեսել է հերոսուհուն, այդ պահից սկսած ամեն վայրկյան նրան շռայլել է իր ջերմ խոսքերն ու շնորհակալությունները:
«Քանի որ տեսահոլովակն ի հիշատակ Ռուզաննա Փամբուկչյանի է, նրանում սյուժետային որևէ գիծ չկա: Բայց մի փոքրիկ առեղծվածային բան կա, որի մասին հանրությունը կիմանա տեսահոլովակը դիտելուց հետո… Հերոսուհին մեկն է՝ Ռուզաննային մարմնավորող 17 ամյա Տաթևիկը: Պետք է ասեմ, որ քասթինգի հենց առաջին օրը գտանք այդ աղջկան: Նա այնքա՜ն նման է Հարութի կնոջը, որ երգիչը նրան տեսնելուն պես չդիմացավ ու հուզմունքը թաքցնել չկարողացավ: Ամեն անգամ շեշտում էր, թե որքան ճիշտ ընտրություն ենք կատարել», - պատմեց մեր զրուցակիցը:
Հարութ Փամբուկչյանը երբեք աչքի չի ընկել տեսահոլովակների առատությամբ. ավելին՝ ՀՀ Վաստակավոր արտիստը, համեմատած իր բեմական կենսագրության, սակավաթիվ տեսահոլովակներ ունի: Հարցին, թե ինչպե՞ս է, որ վերջին շրջանում նա տեսահոլովակներով պարբերաբար է հանդես գալիս, պրոդյուսեր-ռեժիսորը ժպիտով խոստովանեց.
«Նա միշտ էլ ակտիվ արվեստագետ է եղել, սակայն մի փոքր անհամեստություն կանեմ և կխոստովանեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում, թե՛ որպես պրոդյուսեր և թե՛ որպես ռեժիսոր ու լավ, կրտսեր ընկեր իմ ներկայությունն իր կողքին իրեն էլ ավելի շատ ուժ և վստահություն ներշնչեց՝ առավել եռանդուն դարձնելով: Մինչ այդ տեսահոլովակ ունենալն այնքան էլ չէր կարևորում: Այժմ ընդունում է դրանց գոյության կարևորությունը»: