22/02/2018 15:46
ՀՀԿ-ն ստորագրահավաք է սկսել Ազգային ժողովում Արմեն Սարգսյանին որպես 4-րդ նախագահի թեկնածու առաջադրելու համար
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է Արմեն Սարգսյանին որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Ազգային ժողովին ներկայացնելու ստորագրահավաքը:
«Այսօր արդեն սկսել ենք ստորագրահավաքը: Ամենայն հավանականությամբ, վաղը կլինի խմբակցության նիստ, և մենք, օրենքով սահմանված կարգով, կներկայացնենք Արմեն Սարգսյանի թեկնածությունը, որպեսզի հաջորդ քառօրյայի ընթացքում ընտրենք ՀՀ 4-րդ նախագահին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նոր Սահմանադրության` Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, և իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն:
Հարցին՝ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են «Ծառուկյան» խմբակցությա հետ, ՀՀԿ խոսնակն ասաց, թե իրենց թեկնածուն հանդիպել է խմբակցության հետ, բայց «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս վերջնական որոշման մասին չի հայտարարել:
«Կարծում եմ՝ երբ ժամանակը գա, մեր գործընկերները կհայտարարեն իրենց դիրքորոշման մասին», - նշեց Է. Շարմազանովը: