22/02/2018 16:46
Ոչ մեկի գործը չի՝ երբ կլինի հարսանիքը. Տիգրան Մնացականյանն՝ իր և Մարիամ Հովհաննիսյանի բաժանության մասին
Նախորդ տարեվերջին շոու բիզնեսյան դաշտում ամենաքննարկվող զույգը դերասան Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանն էին: Լրատվամիջոցների հետ զրույցում երկուսն էլ հավաստիացրել էին՝ 40 ամյա Տիգրանն ամուսնալուծվել է կնոջից ու պատրաստվում է կյանքը կապել 19-ամյա դերասանուհի Մարիամի հետ: Հարսանիքի համար էլ օր էր ամրագրված՝ 2018 թվականի փետրվարի 14՝ հարսնացուի ծննդյան օրը:
Սակայն 2018-ն այնքան էլ ավետաբեր չեղավ նրանց համար. հետևորդների աչքից աննկատ չմնաց այն հանգամանքը, որ դերասանի սոցցանցերի էջերից կտրուկ անհետացան երիտասարդ ընտրյալի հետ համատեղ լուսանկարները՝ տեղը զիջելով ընտանեկան լուսանկարներին. Տիգրան Մնացականյանը սկսեց կիսվել կնոջ և զավակների ֆոտոներով, թեև 19-ամյա հարսնացուն այդ հարցում չէր շտապում ու մինչև օրերս էլ դերասանի հետ համատեղ լուսանկարներ էր հրապարակում, կարծես, ակնարկելով, որ դեմ չէ կրկին միանալու գաղափարին:
Aysor.am-ը կապ հաստատեց Տիգրան Մնացականյանի հետ՝ ասեկոսեներն ու սոցցանցերում տարածվող ենթադրությունները հիմնավորապես դադարեցնելու նպատակով:
«Ամեն ինչ լավ է, ոչ մեկի գործը չի՝ երբ կլինի հարսանիքը կամ չի լինի: Թողեք մեզ հանգիստ», - նշեց դերասանը՝ չցանկանալով հերքել կամ հաստատել իրենց բաժանման մասին լուրերը: