23/02/2018 13:44
Մշակույթի նախարարությունը և հայկական հեռուստաընկերություններից մեկը համատեղ սերիալ են պատրաստում
ՀՀ Մշակույթի նախարարությունը և հայկական հեռուստաընկերություններից մեկը համատեղ սերիալ են պատրաստում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախարար Արմեն Ամիրյանը:
«Մենք նախատեսում ենք նկարահանել սերիալ հնավայրերում իրականացվող պեղումների գործընթացի, արշավախմբի աշխատանքների վերաբերյալ: Այն կպատմի պեղումների ամբողջ ընթացքի մասին, հեռուստադիտողը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու՝ ի՞նչ հնավայրեր բացվեցին ու ինչպիսի արժեքներ հայտնաբերվեցին: Սա, կարծում ենք, լավագույն միջոցը կլինի հանրահռչակման առումով», - նշեց գերատեսչության պատասխանատուն:
Պեղումներ կատարելու համար այս տարվա հայտարարված մրցույթում տեղ են գտել Բյուրականի Ամբերդ ամրոց-արգելոցը, Լոռի բերդն ու Նուռնուսի եկեղեցին:
Պեղումներ են իրականանալու նաև Դվինի հնավայրում, Արտաշատ պատմական մայրաքաղաքումում և մի շարք այլ հնավայրերում:
Այս հարցում նախարարությունը համագործակցում է Հնագիտության ազգագրության ինստիտուտի հետ: