24/02/2018 10:12
Զատուլին. Ադրբեջանին վաճառվող ցանկացած սպառազինություն հակազդման միջոց ունի հայկական կողմում. «168 Ժամ»
Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ, «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխկախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը՝ ճանաչել ԼՂ անկախությունը: ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում: Այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ», - ասել է նա:
Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերից՝ ռուս խորհրդարանականը նշել է, որ Ռուսաստանը որպես այս հակամարտությունում մշտապես ջանքեր ներդրած միջնորդ, ներկայում էլ անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու և կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով:
Ըստ նրա, հայկական հասարակության համար խնդիր էր Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, որն Ադրբեջանին տրվել էր ԼՂ հակամարտության գոտում չկիրառելու պայմանով, սակայն Ադրբեջանը խախտեց այդ պայմանն ապրիլյան պատերազմի ընթացքում, որից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, ուղղեց իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև:
«Կոնստանտին Զատուլինը վստահ է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմը», - գրում է թերթը:
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում