24/02/2018 10:14
«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ իրենց որոշման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա:
«Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք և գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, կա որոշակի տարընթերցման տեղիք տվող դրույթ, բայց դա, իմ կարծիքով, որպես իրավաբան եմ ասում, բավարար չէ: Մենք, քանի որ սովորություն չունենք անհեռանկարային հարցերին մասնակցել ընդամենը մասնակցելու համար, որոշեցինք ձեռնպահ մնալ», – նշել է նա:
Մինչդեռ նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է. «Մենք նպատակահարմար չենք համարում, որովհետև Սահմանադրությամբ դա լուծված է, կառաջանա վակուում: Այսինքն՝ իրենց ասածը որն է, որ նոր նախագահ ընտրվի, հետո նոր գնանք դրա՞ն: Իրավաբանական պրոբլեմ կառաջանա, ինչու է հիմա, որովհետև, եթե ապրիլից հետո գործող նախագահի լիազորությունները դադարում են, չենք կարող վակուում թողնել և նախագահ չունենալ», – նշեց նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: