27/02/2018 10:26
Այս ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին` նշանակում է ունենալ հաջորդ այլասերված ընտրությունները. Նաիրա Զոհրաբյան
Մեր պահանջը մեկն է` հանել տարածքային ցուցակները և վերացնել ռեյտինգային ընտրակարգը, խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ես վստահ պնդում եմ, որ այս ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին` նշանակում է ունենալ հաջորդ այլասերված ընտրությունները», - ասաց Ն. Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ ԱԺ-ում` բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական բոլոր ուժերը կողմ են տարածքային ցուցակները հանելուն ու համամասնական ընտրակարգի անցնելուն։
«Մենք պատրաստ ենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ քննարկել բոլոր առաջարկները: Ցանկացած քննարկման համար մենք բաց ենք», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգիրքը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին, քանի որ ցուցակներով քվեարկությունը համարվում է ամենաժողովրդավարական ընտրական համակարգից մեկը` ժողովուրդն է որոշում, որ տարածքից ով է իրեն ներկայացնելու։
Հովհաննիսյանը կոչ արեց հարգել հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը և դեմ քվեարկել հարցը նիստերի օրակարգում ընդգրկելուն:
Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը մերժվեց 39 կողմ, 56 դեմ ձայներով:
Նշենք, որ օրենքի նախագծին կողմ քվեարկեց նաև ՀՅԴ-ն, իսկ դեմ` միայն ՀՀԿ-ն։