28/02/2018 14:17
Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Միավորված ազգերի կազմակերպության և նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվաածության կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններ պարունակող և կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրել է նաև, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին, կարևորեցին դրանց արդյունավետ իրականացումն ու այդ ուղղությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը և իրականացրած աշխատանքները:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։
Էդվարդ Նալբանդյանը Մայքլ Մյոլլերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։