28/02/2018 11:50
Մահացել է Ալբերտ Մկրտչյանը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, Aysor.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունում:
Նշենք, որ երեկ լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին՝ Գյումրիում: Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբայրն է։
1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտիռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։
1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։
1980–2001թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ռեժիսորն արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։