28/02/2018 12:45
Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրվեցին և երդվեցին երաշխավորել դատարանների անկախությունը (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների բոլոր թեկնածուներն ընտրվեցին։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց քվեարկության արդյուքնները։
Ըստ այդմ՝ Գագիկ Հարությունյանին ընտրել է 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը։ Երկրորդ տեղի համար թեկնածու Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու՝ Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ՝ 10:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԲԴԽ ընտրված անդամները երդվեցին իրենց պարտականությունները կատարել Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ կարող է ընտրվել Գագիկ Հարությունյանը:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նրա լիազորությունները ավարտվում են 2018-ին: Մարտի 23-ին կլրանա Գ.Հարությունյանի 70-ամյակը:
Բարձրագույն դատական խորհրդի մնացած հինգ անդամներին կընտրի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը մարտի 1-ին: