28/02/2018 16:42
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին:
«Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են ջերմությամբ ընդունվել պահանջկոտ քննադատների և սիրվել բարձրաճաշակ հանդիսատեսի կողմից: Նա արժանիորեն մեծ ժողովրդականություն էր վայելում թե՛ որպես մշակույթի գործիչ, թե՛ որպես քաղաքացի:
Գնահատելի է նաև անվանի բեմադրիչի՝ արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանն ուղղված երկարամյա մանկավարժական գործունեությունը»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: