28/02/2018 11:00
Ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով. Լևոն Ջուլֆալակյանը գնահատել է Հայաստանի թիմի մասնակցությունը Կիևի մրցաշարին
Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ:
97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Կիևում անցկացված միջազգային մրցաշարում մեր ըմբիշների մասնակցության մասին.
«Շատ ուժեղ մրցաշար էր: Բազմաթիվ թիմեր եկել էին առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ Կիև չէինք մեկնել, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Ընդհանուր առմամբ մեր տղաները լավ մասնակցեցին: Իհարկե, նկատվեցին նաև թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Երիտասարդների էլ էինք ընդգրկել, որոնք ուրախացրին: Միևնույն ժամանակ տեսա նրանց բաց կողմերը: Մնում է՝ նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք:
Սովորաբար, մենք ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ նոր քաշային կարգեր են և օրենքներ են փոխվել (առավոտյան՝ կշեռք, մեկ ժամ անց՝ մրցաշար և այլն), տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Ամեն մի մարզիկ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա և հասկանա: Այս մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիևում մեր հիմնական նպատակը Եվրոպայից առաջ», - ասել է գլխավոր մարզիչը: