28/02/2018 19:30
Ալբերտ Մկրտչյանի կինոն մեծ հետք է թողել հայկական կինոտարեգրությունում. Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցական ուղերձ են հղել
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցական ուղերձ է հղել կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Դրանում մասնավորապես ասված է.
«Հայկական կինոն մեծ կորուստ է կրել: Վախճանվել է հայկական կինոյի մեծանուն վարպետներից մեկը՝ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի կինոգործիչների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին: Ցավակցում եմ մեզ՝ կինոգործիչներիս:
Նրա կինոն մեծ հետք է թողել հայկական կինոտարեգրությունում, լուսավոր մի հետք, որը երկար տարիներ լինելու է նոր կինոսերունդների հետ:
Ալբերտ Մկրտչյանի առաջին իսկ ֆիլմերը՝ «Լուսանկարը», «Հուշարձանը», «Բովտունը» եկան ապացուցելու, որ հայկական կինո է մտնում ուրույն կինոմտածողությամբ մի անհատ, որն իր բացառիկ տեղն է ունենալու կինոաշխարհում:
Կինոռեժիսորը թույլ չէր տալու սխալվել, որովհետև նրա տաղանդի ու ձեռագրի արգասիքը եղան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում»-ը, «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»:
Զգայուն ֆիլմեր, որոնք անսահմանորեն սիրեց մեր ժողովուրդը՝ դրանցում տեսնելով իր կենսագրության դրվագները, իր ապրած օրերի ժամանակը, որովհետև կինոռեժիսորն ինքը նկարահանել էր իր ապրածը, իր կյանքի վավերագիրը և նկարահանել էր մեծ տաղանդով, սիրով, նվիրումով, իր մասնագիտությանը, կինոյին, սկզբունքներին հավատարիմ, իր կինոլեզվին անդավաճան:
Նրա կինոն նաև դերասանական համաստեղությունների կինո էր, որը հայ դերասանական արվեստի մեծերին հնարավորություն տվեց նորովի հանդես գալ: Եվ պատահական չէ, որ Ալբերտ Մկրտչյանը հենց արտիստական թատրոնի ստեղծողը եղավ, որովհետև նաև բեմադրիչ էր և իր կյանքի մի մասը նվիրել էր բեմադրական արվեստին:
Ալբերտ Մկրտչյանը ծնված լինելով Գյումրիում, իր մեջ խորապես կրելով հարազատ Գյումրին, կարողացավ նաև իր կինոյի միջոցով սերունդներին փոխանցել նաև Գյումրիի ավանդական, հոգևոր ու մշակութային շերտերը՝ իր բոլոր դրսևորումներով:
Ալբերտ Մկրտչյանի զգայուն կինոն միշտ լինելու է հայկական կինոյի պատվավոր դիրքերում»: