02/03/2018 17:11
Հայ-վրացական երկկողմ հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հանրապետության նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմանի հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն ու բազմաթիվ ոլորոտներում համագործակցությանը՝ հույս հայտնելով, որ Վրաստանը կմասնակցի այս տարի Հայաստանում բարձր մակարդակով կազմակերվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին:
Իր հերթին Վրաստանի վարչապետը արձանագրել է, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:
«Մենք պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին և համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես Դուք նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, և հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարևոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս և հավատ են ներշնչում նաև փոխադարձ այցերը», - ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Առանձնազրույցից հետո նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ: